Մեզ շրջապատող աշխարհը հետզհետե ավելի ու ավելի է բևեռանում քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերի շուրջ: Ժամանակները դաժան են, և ավելի քան երբևէ մարդկությունը Բեթհովենի լավատեսության կարիքն ունի: Չմոռանանք, որ այս հանճարը մեզ նման ապրում էր հասարակական մեծ բեկման ժամանակաշրջանում: Բեթհովենի ստեղծագործությունը արդիական է թե իր մեծածավալ սիմֆոնիաներում, և թե փոքրածավալ, մտերմիկ, հուզիչ WoO (առանց համարակալման) ստեղծագործություններում: Վերջիններս քիչ հայտնի են: Բայց ինչպիսի՜ հմայք ունեն դրանք, ինչպիսի՜ հաճույք են պատճառում…
Արդեն շուրջ 200 տարի է ուսումնասիրվում ու կատարվում է այս մեծ վարպետի երաժշտությունը: Ժամանակակից կատարողները պետք է պայքարեն այս երաժշտությունը նոր լսարան բերելու համար: Դա կարելի է անել նաև կատարելով այս հանճարի անհայտ կամ, համենայն դեպս, պակաս հայտնի գործերը: Բեթհովենը բոլորինն է:
Խնկո Ապոր Գրադարանում կազմակերպված կլոր-սեղան/քննարկումը հենց այս հմայիչ, քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ստեղծագործությունների մասին էր: